National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.04.2010
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում
1 / 2

Ապրիլի 22-ին  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ»  թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ եղած հիմնախնդիրների կարգավորման գործում կարեւորեց հասարակական վերահսկողության դերը եւ բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը: Նրա գնահատմամբ` օր օրի հայոց զինված ուժերը ավելի մարտունակ են դառնում, բարոյահոգեբանական վիճակը ավելի ու ավելի է ամրապնդվում, բայց այս ոլորտում դեռեւս առկա են թերություններ, որոնք շտկման կարիք ունեն, ինչին էլ միտված էր քննարկումը: Նա տեղեկացրեց, որ 2009 թվականին «Զինվորի մայր», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացրել են «Զորակոչի գործընթացի մոնիտորինգ» ծրագիրը, վերահսկողություն են իրականացրել, բացահայտել անցած զորակոչի ընթացքում եղած մի շարք թերություններ եւ դրանք շտկելու առաջարկներ ներկայացրել:

«Զինվորի մայր» ՀԿ-ի իրականացրած ծրագրի ղեկավար Գրետա Միրզոյանը ներկայացրեց Երեւանի Արաբկիր, Նոր Նորք եւ Էրեբունի համայնքներում, Ճամբարակում, Մարտունիում, Գորիսում, Կապանում 2009 թ. գարնանային եւ աշնանային զորակոչի մոնիտորինգի արդյունքները: Նա տեղեկացրեց, որ 3600 շահառուների` զորակոչիկների, զինվորների մայրերի, զորացրվածների, զինկոմիսարիատների, դպրոցների, պետական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ անցկացված հարցումների արդյունքներով, ինչպես նաեւ այս ոլորտում քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ 300-ից ավելի դիմում բողոքների հաշվառումով է կազմվել իրենց հաշվետվությունը: Վերահսկողության արդյունքներով` զինկոմիսարիատների եւ զորակոչային հանձնաժողովի աշխատանքներում արձանագրվել  են խախտումներ` սկսած դատական պաշտպանություն ստանալու իրավունքից մինչեւ առողջության պաշտպանության եւ կրթության իրավունքը: Նրա կարծիքով` զինկոմիսարիատների եւ զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ պետք է իրականացնել հասարակական վերահսկողություն:

Ծրագրի մասնագետ Անահիտ Հովնանյանի տեղեկացմամբ` ընդհանուր խախտումներից առավել զանգվածային բնույթ են կրել բժշկական հետազոտության ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը` 46 տոկոսից ավելի: Հաճախակի են նաեւ զորակոչիկներին իրենց իրավունքների եւ ընթացակարգի մասին ոչ բավարար իրազեկելուն, զինկոմիսարիատներ կանչելու սահմանված կարգին եւ ներկայացվող փաստաթղթերի ընդունումից հրաժարվելուն առնչվող խախտումները: Բանախոսն առաջարկեց կատարել համապատասխան կանոնակարգային փոփոխություններ եւ ռազմաբժշկական հանձնաժողովների համար սահմանել օրինական հիմքեր` զորակոչիկի հիվանդության վերաբերյալ այլընտրանքային հիմնավորված բժշկական եզրակացությունը քննելու համար, մշակել հստակ համակարգ` թերացած բժիշկներին վարչական եւ նյութական պատասխանատվության ենթարկելու համար, կազմակերպել զորակոչիկների եւ նրանց ընտանիքների իրազեկմանը նպաստող միջոցառումներ:

«Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպան ՀԿ-ի` Արարատի եւ Կոտայքի մարզերում իրականացրած վերահսկողության արդյունքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Աննա Մարգարյանը: Արձանագրված խախտումները վերացնելու համար  նա առաջարկեց զորակոչիկին ծանուցագրի հետ հանձնել նաեւ զորակոչից տարկետման, զինծառայությունից ազատման, բնակավայրին մոտ ծառայելու հիմքերը պարզաբանող հուշաթերթ, բժշկական խմբի վերջնական եզրակացություն սահմանել, մշակել տեղեկատվության փոխանցման պրոակտիվ մեխանիզմներ, կազմակերպել իրազեկմանն ուղղված միջոցառումներ:

Լոռու, Շիրակի եւ Տվուշի մարզերում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրականացրած վերահսկողության արդյունքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Արթուր Սաքունցը: Արձանագրված խախտումները բացառելու նպատակով նա առաջարկեց դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն դարձնել զորակոչիկների իրավունքների եւ պարտականությունների ուսուցմանը, իրականացնել առողջական վիճակի բոլոր համալիր հետազոտությունները, բարձրացնել քաղաքացիական բժիշկների դերը զինվորական բժշկական հանձնաժողովներում, մեծացնել զորակոչի թափանցիկությունը, զորակոչիկներին տրամադրել առողջական վիճակի զննության վերաբերյալ բժշկական հանձնաժողովների եզրակացությունը, մեծացնել հեռավոր բնակավայրերից զինկոմիսարիատներ ներկայանալու, բուժզննություն անցնելու համար տրանսպորտային վճարների փոխհատուցումը, ապահովել սննդի եւ գիշերելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումները, ձեւավորել զորակոչի գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտ եւ բարձրացնել մինչեւ 16 տարեկան երիտասարդների առողջական վիճակի նկատմամբ վերահսկողությունը:

«Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի` պայմանագրային զինվորական ծառայության վերաբերյալ հետազոտության արդյունքները  ներկայացրեց Արման Մնացականյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանի քաղաքացիներին պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավելու համար զինկոմիսարիատները պետք է ակտիվացնեն իրենց աշխատանքը, իսկ համայնքներում անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը բարձր գնահատեց հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը եւ հավաստիացրեց, որ խորհուրդը հանգամանորեն կուսումնասիրի նրանց ներկայացրած փաստերն ու առաջարկները եւ արձանագրված թերությունները վերացնելու համար համապատասխան մեխանիզմներ կմշակի: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ բանակի ինքնակատարելագործմանը զուգընթաց բարձրացել է հասարակական վերահսկողության մակարդակը, եւ հասարակական կազմակերպություններին առաջարկեց համագործակցել խորհրդի հետ` բարձրացված հիմնախնդիրները առավել արդյունավետ լուծելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ անցած զորակոչի ընթացքում զորակոչային հանձնաժողովը ստացել է 46 բողոք-դիմում, որոնցից 30-ը առողջության խնդիրներին են առնչվել: Դրանք ուսումնասիրվել են, կատարվել է լրացուցիչ քննություն եւ դրական ընթացք է տրվել դիմումներին:

ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը միշտ էլ օգտակար է եղել, եւ այսուհետ  եւս  հարցադրումները իրենց ուշադրության կենտրոնում կլինեն: Նա հավաստիացրեց, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, գործառույթների հստակեցմամբ ու վերահսկողական անհրաժեշտ աշխատանքներով կշտկվեն բացթողումները` հավելելով, որ «Զինապարտության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներում հնչած առաջարկների մի մասն արդեն կանոնակարգված է: Նրա համոզմամբ` զորակոչին ու զորակոչիկներին վերաբերող իրազեկման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի պահանջները ներառել դպրոցական ծրագրերում: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն հաստատված է պաշտպանության նախարարության բարեփոխումների պլանը, հստակեցված են զորակոչին վերաբերող  գործառույթները, հաշվառման եւ բուժզննության կարգն ու մեխանիզմները:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին զորակոչին, բուժզննմանն առնչվող խախտումներին, հասարակական վերահսկողությամբ  դրանք վերացնելու մեխանիզմներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am